1908թ. հայրս մահացավ: Մեր ընտանիքը 10 շնչով մնաց ավագ եղբորս` Սիրխանոյի խնամքին: Նա վարուցանք էր անում և բոլորիս պահում (ունեինք երկու լծկան եզ): Ընտանիքի ձեռնահաս անդամները տնտեսության ամեն տեսակի աշխատանքներում օգնում էին նրան: Երբ ես դարձա 7 տարեկան, իմ երեք եղբայրներն արդեն մեծ էին, և ընտանիքս կարողանում էր ծայրը ծայրին հասցնել:
1913թ. եղբայրներս ինձ ուղարկեցին գյուղի ծխական դպրոց` սովորելու: Այդ ժամանակ իմ երկրորդ եղբայրն արդեն դարբին էր, և տունը դրամական եկամուտ էլ էր ունենում: Դպրոցում տարեկան 13 ռուբլի ուսման վարձ պետք է տայինք, բայց ինձ 5 ռուբլի զիջեցին, և մեկ տարվա համար 8 ռուբլի ուսման վարձ մուծեցինք: 1913-14թթ. ուստարում փայլուն ցուցանիշներով փոխադրվեցի 2-րդ դասարան: Հաջորդ` 1914-15թթ. ուստարում, սակայն, կարմրուկով ծանր հիվանդացա և միայն գարնան դեմ սկսեցի ապաքինվել. այդ տարի չսովորեցի:
1914թ. երկրորդ եղբորս զորակոչեցին ռուսական բանակ: Մեկնելիս նա իմ քեռու մոտ թողեց 30 ռուբլի, որպեսզի քեռիս իմ ուսման վարձն ու դասագրքերիս փողը տա: 1915-16թթ. ուսումնական տարում սովորեցի 2-րդ դասարանում: Դրանից հետո դպրոցը փակվեց (եթե գործում էլ էր, ապա ընդմիջումներով):
1916 թվականից մինչև 1923թ. եղել եմ տանը. հոտաղ էի, սեզոնին ցանքս էի անում, ձմռանը մեր անասուններին էի խնամում, ամռանն էլ հնձին, խոտ ու խուրձ կրելուն էի օգնում:
Մեր գյուղի` 1921թ. հոկտեմբերին կայացած երիտասարդական առաջին ժողովի օրն ընդունվեցի կոմերիտմիության շարքերը: Նույն թվականի նոյեմբերյան տոներին տոմս ստացա:
Այդ տարի ավագ եղբայրս իր ընտանիքով, տատիս և հորաքրոջս հետ արդեն առանձին էր ապրում: 1918թ. ինձնից ավագ քույրս մահացել էր տիֆից: Երկրորդ եղբայրս, որ 1914թ. զորակոչվել էր ռուսական բանակ, վերադարձավ 1919 թվականին: 1921 թվականից հետո մենք երեք եղբայրներով միասին էինք ապրում:
1923 թվականին` արդեն խորհրդային շրջանում, ես նորից սկսեցի սովորել դպրոցում: Ուսուցիչներս եղել են Աշոտ Մինասյանը` Խլաթաղ գյուղից, և Ջիվանշիր Փարսադանյանը` Բեխ գյուղից: 1924-25 ուստարում Ջիվանշիր ուսուցչին փոխարինեց թբիլիսեցի Գրիշա Փարունցը (Գրիգոր Փարամազյան): 1925-28թթ. սովորել եմ Կապանի 7-ամյա դպրոցում և այն ավարտել բարձր առաջադիմությամբ:
1921թ. սկսած ակտիվորեն մասնակցել եմ կոմերիտմիության աշխատանքներին: 1924թ. ապրիլին մասնակցել եմ կոմերիտմիության Գավկոմի պլենումին, որի ընթացքում էլ հայտնեցին, որ կոմերիտմիությունը վերանվանվել է մեծ Լենինի անունով` Լենինյան կոմերիտմիություն:
1923-28 թվականներին` սովորելուս տարիներին, դպրոցից միշտ անվճար դասագրքեր, գրենական պիտույքներ, երբեմն նաև շորեր ու կոշիկներ էի ստանում: 1928թ. օգոստոսին կոմերիտմիության Գավկոմի կողմից ինձ և էլի մի քանի ընկերների` մեր առաջին շրջանավարտներիս, ուղարկեցին Գավլուս բաժնի տրամադրության ներքո և մեզ նշանակեցին ուսուցիչներ:
Սեպտեմբերի 1-ից ես սկսեցի աշխատել իմ հայրենի գյուղի առաջին աշխատանքային միասնական դպրոցում` որպես երկրորդ դասարանի դասվար: 1929-30թթ. նույն դպրոցում որպես վարիչ-ուսուցիչ եմ աշխատել: Այդ տարի էլ կազմավորվեց մեր գյուղի կոլտնտեսությունը: 1930-31թթ. ուստարում էլ որպես վարիչ-ուսուցիչ աշխատել եմ Գեղանուշի դպրոցում:
1929թ. ամռանը 3 ամսով մասնակցել եմ Քաղլուսբաժնի կողմից կազմակերպված Գորիսի ուսուցչական առարկայական կուրսերին (9-ամյա դպրոցի ծրագրով) և էքստեռն քննություններ հանձնել, ավարտել այդ կուրսերը, որոնք հավասարեցված էին մանկավարժական ուսումնարանի ցենզին:
1931թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ն աշխատել եմ Լուսաշխի պատասխանատու քարտուղար (նախագահը եղել է Սամսոն Աբրահամյանը): 1931թ. հուլիսին ազատվել եմ աշխատանքից և Լուսաշխի կողմից գործուղվել սովորելու:
1931թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետի առաջին կուրս: Սեպտեմբերի 8-ից հետո, Կապանի շրջպրոֆխորհրդի որոշմամբ, ինձ հետ կանչեցին և նշանակեցին Եղվարդի նորաբաց դպրոցի տնօրեն, որից հետո մեկ տարի` 1932-33 ուստարում, աշխատել եմ Կապանի յոթնամյա դպրոցում` որպես շարքային ուսուցիչ (այդ ժամանակ դպրոցը դարձավ 10-ամյա): 1933-34 ուսումնական տարում էլ որպես տնօրեն աշխատել եմ Օշխու դպրոցում: Այդ տարի հիվանդացել եմ:
Հաջորդ տարվանից Կապանում աշխատել եմ որպես ԶԱԳՍ-ի հրահանգիչ, իսկ միլբաժանմունքին կից գրագիտական դպրոցում` որպես ուսուցիչ: 1939-40թթ. որպես սրբագրիչ աշխատել եմ «Պղնձի համար» թերթի խմբագրությունում և միլիցիայի դպրոցում` որպես ուսուցիչ: 1940-41թթ. նորից վերադարձել եմ հայրենական գյուղի 7-ամյա դպրոց, աշխատել որպես տնօրեն:
1941-45թթ. Հայրենական պատերազմի առաջին օրվանից զորակոչվել եմ գործող բանակ: Սկզբից 216-րդ Կարմիր դրոշի շքանշանակիր գնդի կազմում մասնակցել եմ Իրանի օպերացիային, հետո այդ գնդի կազմում կռվել եմ Պոլտավայի մերձակայքում: Երբ կազմավորվում էին ազգային դիվիզիաները, մեզ նորից հետ ուղարկեցին Կովկաս: Այստեղ արդեն կազմավորված 350-րդ դիվիզիայի 789-րդ հրաձգային գնդում մասնակցել եմ Ղրիմի առաջին ազատագրմանը և 4 ամիս մնացել առաջին գծում: 1942թ. մարտի 26-ին` Վլադիսլավ կայարանի գրավման ժամանակ, վիրավորվել եմ արկի բեկորից: Ապաքինվելուց հետո 2 ամիս գտնվել եմ արձակուրդում, իսկ հետո` շինարարական զորամաս: 1943թ. ինձ զորացրեցին բանակից: Պարգևատրվել եմ «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և այլ մարտական, հոբելյանական մեդալներով:
Այդ նույն տարվա աշնանից ընդհուպ մինչև 1952թ. որպես տնօրեն աշխատել եմ հայրենի գյուղի դպրոցում, այնուհետև՝ մինչև կենսաթոշակի անցնելս՝ 1970 թվականը՝ որպես ուսուցիչ:
Իմ աշակերտների մեծ մասը բարձրագույն ուսումնական հաստատություններ է ավարտել. 5-ն արդեն թեկնածուական գիտական աստիճան ունեն: Եթե ընդունենք, որ մարդու կյանքի իմաստն այն է, թե նա ինչ է տվել տվյալ հասարակությանը, մարդկությանը, ապա այդ առումով ես տվել եմ երեք այնպիսի զավակներ, ովքեր հասարակության լիարժեք քաղաքացիներ են: Բացի դրանից՝ իմ աշխատանքային գործունեության 43 տարիների ընթացքում կրթել և դաստիարակել եմ հազարավոր աշակերտների, ովքեր այժմ բժիշկներ են, ինժեներներ, գյուղատնտեսներ, գիտնականներ, շինարարներ, հանքագործներ և այլն: Հայրենիքի պաշտպանության ժամանակ էլ կռվել եմ՝ առանց վարանելու:
Անձնական կյանքում դժգոհելու առիթ չունեմ: 1931թ. ընտանիք եմ կազմել: Ավագ որդիս լեռնային ինժեներ է, միջնեկը` բժիշկ, կրտսերը` լեռնային տեխնիկ. երեքն էլ՝ հասարակության համար պիտանի անդամներ: Ամենակարևորն այն է, որ նրանք իրենց աշխատանքային կոլեկտիվներում շատ բարձր հարգանք ու հեղինակություն են վայելում:
Նյութական տեսակետից ձգված եմ ապրել, բայց ուրիշի ունեցվածքի վրա երբեք աչք չեմ ունեցել: Այժմ արդեն ամեն ինչ փոխվել է:
Հիմա, երբ ժամանակ ունեմ, ձեռնամուխ եմ եղել մեր գյուղի պատմությունն ուրվագծելուն: Եթե այս բանն ինձ հաջողվի՝ թեկուզ շատ թերություններով հանդերձ, այդ ժամանակ կհամարեմ, որ, իրոք, ես ոչինչ պարտք չեմ մնացել մեր հասարակությանը. ինչ նա տվել է ինձ, որոշ չափով ես այն փոխհատուցեցի: