Հայրը` Ռոբերտ Կոնստանտինի Քարամյան
Կենսագրական տվյալներ Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանը ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 11-ին Կապանի շրջանի Վաչագան գյուղում (ներկայումս` Բանավան): Գյուղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1955 թ. արծաթե մեդալով:

Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկականինստիտուտի բուժ-պրոֆիլակտիկ ֆակուլտետը, որն ավարտել է 1961 թ.:Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Քաջարանի հիվանդանոցում`որպես թերապևտ: 1961 թ. Երևանում անցել է մասնագիտացման դասընթաց վիրաբուժությունից, որից հետո աշխատել Կապանի բուժմիավորումում`որպես վիրաբույժ: Սկսած 1962 թ. մինչ օրս աշխատում է Կապանի մարզային հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ-ուրոլոգ: 1972 թ. նաև նրա անձնական ջանքերով Կապանի հիվանդանոցում ստեղծվել է ուրոլոգիական բաժանմունք, որը 1977թ. դարձել է միջշրջանային` Զանգեզուրի շրջանների ազգաբնակչությանը սպասարկելու համար:

1968-1969 թթ. Ռոբերտ Քարամյանը անցել է կլինիկական օրդինատուրա «Ուրոլոգիա» մասնագիտությամբ, իսկ 1982 թ. Կիևում պաշտպանել է թեկնածուական թեզ «Արտաքին միջավայրի յոդային անբավարարության դերը միզաքարային հիվանդության էնդեմիայում» թեմայով:

Անցել է վերապատրաստման դասընթաց ուրոլոգիայից Լենինգրադում(1976 թ.): Եղել է ԽՍՀՄ ուրոլոգների 1-ին, 3-րդ և 4-րդ համամիութենական համագումարների դելեգատ (Բաքու, Կիև, Մոսկվա), նաև` անդրկովկասի հանրապետությունների ուրոլոգների 1-ին համաժողովի դելեգատ(Սուխումի, 1977 թ.), որտեղ հանդես է եկել գիտական զեկուցումով միզաքարային հիվանդության էթիպոգիայի վերաբերյալ:

Հայ - ադրբեջանական պատերազմի սկզբնական ժամանակահատվածում (1991 - 1992 թթ.) եղել է Կապանի էվակուացված հիվանդանոցի գլխավոր բժիշկը, այնուհետև ամենաթեժ շրջանում (1993 - 1994թթ.) Կապանում կազմավորված զինվորական բրիգադի բժշկական ծառայության պետը: Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Պարգևատրվել է նաև Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պատվոգրերով, առողջապահության նախարարի, Սյունիքի մարզպետի, Կապանի զինկոմիսարիատի շնորհակալագրերով:

1986 թ. Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբստացել է Կապան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

 

2012թ. սեպտեմբերի 21-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման` առողջապահության բնագավառում մասնագիտական բացառիկ կարողությունների, անձնվիրության, ակնառու վաստակի և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների համար:

Ունի շուրջ մեկ տասնյակ տպագրված գիտական աշխատանքներ:

Ամուսնացած է, ունի երեխաներ, թոռներ: