Հայաստանում առաջին անգամ անցկացվում են սպորտային հոգեբանությանը նվիրված միջազգային գիտաժողով
2017-10-24
www.armenpress.am

24 հոկտեմբերի, 2017 թ.

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն առաջին անգամ Հայաստանում անցկացնում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային գիտաժողովը:

«Այս գիտաժողովը պետք էր անցկացնել ավելի վաղ, քանի որ այսօր առանց սպորտային հոգեբանության հնարավոր չէ լավ արդյունքների հասնել: Այս գիտաժողովի համար մեզ հաջողվեց սպորտային և ոչ սպորտային հոգեբանների մեծ «բանակ հավաքել», այդ թվում՝ Հայաստանի 14 պետական բուհերի ներկայացուցիչներ են մասնակցում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:

 

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Լալայանի անվան սպորտի, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարութ Բաբայանը, կարևորելով գիտաժողովի անցկացնումը, շեշտեց որ հրավեր է ուղարկվել Հայաստանի բոլոր մարզական ֆեդերացիաներին և հավաքականների բոլոր մարզիչներին: «Միջազգային կարգի մասնագետները, բացի գիտաժողովի մասնակցությունից, նաև դասախոսությամբ են հանդես գալու ինստիտուտի մասնագետների և մարզիչների համար»,-ասաց Բաբայանը:

 

«Հայկական սպորտում մարզիկների հետ աշխատող հոգեբանների կարիքը կա: Գիտաժողովը տևելու է 3 օր և ունի երեք ուղղություն: Բացի մասնագետներից գիտաժողովով հետաքրքրված էին նաև ՖԿՀՊԻ ուսանողները»,-ասաց Սպորտային կառավարման և մանկավարժության ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանը:

«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային գիտաժողովին մասնակցում է ԱՊՀ 8 և եվրոպական 3 երկրների ներկայացուցիչներ:

 

Գիտաժողովը եռօրյա է և անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Քարամյանի նախաձեռնությամբ:


Գիտաժողովը կարող է շարունակական դառնալ: